Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Վերջին հարցազրույցի իրավունքով

Վերջին հարցազրույցի իրավունքով
05.05.2009 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ՏԽՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ Ի՞ՆՉ ԿԱ»
ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ՀՀ գյուղնախարար)

-Պարոն Գրիգորյան, Ձեզ համար անսպասելի՞ էր այս հրաժարականը, պատրա՞ստ էիք այսպիսի որոշման:
-Կուսակցությունը կայացրել է որոշումը, մենք էլ տվել ենք մեր հրաժարականը. տխրելու կամ ուրախանալու ի՞նչ կա:
-Դե, ինչ-որ ծրագրեր կարող էիք ունենալ, որոնք պետք էր շարունակել. այդպես միանգամից կիսատ թողնելը, դիսկոմֆորտից բացի, նաև գործը կիսատ թողնելու զգացում է առաջացնում:
-Իհարկե, կային ծրագրեր, կար կիսատ մնացած աշխատանք, բայց հուսով եմ, որ կառավարությունը, նոր նախարարը կշարունակեն դրանք:
-Իսկ ի՞նչ եք անելու, ինչո՞վ եք զբաղվելու:
-Չգիտեմ, կմտածեմ:
-Իսկ ճի՞շտ է, որ Դուք, հնարավոր է, վայր դնեք կուսակցական մանդատը՝ շարունակեք պաշտոնավարել…
(Պարոն Գրիգորյանը չլսեց կամ ձևացրեց, թե չի լսում հարցը և սրընթաց մտավ ՀՅԴ ֆրակցիայի սենյակ):
«ԿՅԱՆՔՈՒՄ ՈՉԻՆՉ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՉԷ, ԵՎ ՈՉ ՄԻ ԲԱՆԻՑ ՉՊԵՏՔ Է ԶԱՐՄԱՆԱԼ»
ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ (ԿԳ նախարար)
-Պարոն Սեյրանյա՞ն, ո՞նց եք:
-Լավ եմ, շատ լավ. ասել եմ, չէ՞, որ կրթության և գիտության նախարարի փոփոխությամբ չի փոխվում բազմապատկման աղյուսակը:
-Փա՜ռք Աստծո, թե չէ մենք էլ էս ինչքան ժամանակ մտածում-մտահոգությունից գլուխներս կորցրել էինք` բա որ հանկարծ բազմապատկման աղյուսակը փոխվի՜: Պարզապես, սիրելի Սպարտակ, ուզում էի ճշտել. հո չե՞ս տխրում, նոր-նոր էիր սկսել լիարժեք հունի մեջ ընկնել:
-Դու ինձ երբևէ տխուր տեսած կա՞ս:
-Ի՞նչ եք անելու՝ լրագրությո՞ւն, էլի: Թե՞ գնալու եք լողի չեմպիոն դառնաք…
-Չէ, պարզապես ապրելու եմ:
-Բա որ ասեն՝ «լողացի», ոնց եք անելու:
-Չէ, լողալ չգիտեմ: Էդ մեկը` հաստատ:
-Պահո՜, էս էլ մի դարդ: Կուսակցության պատվեր-որոշումը չեք կատարի:
-Էդ մեկը չեմ կարող կատարել:
-Իսկ շա՞տ անսպասելի էր կուսակցության` կոալիցիայից դուրս գալու որոշումը:
-Կյանքում ոչինչ անսպասելի չէ, և ոչ մի բանից չպետք է զարմանալ: Քանի ապրում ես, գործերդ կիսատ են:
-Ասում են, դաշնակցականներն այնքան շատ են կրթության նախարարությունում, որ այս պահին այնտեղ մնացել է մի հատիկ փոխնախարար՝ Արա Ավետիսյանը, ու վերջինս, մեն-մենակ նստել նախարարությունում, չգիտի, թե մինչ նոր նախարար ում ղեկավարի, ինչպես ղեկավարի. ո՛չ վարչության պետ է մնացել, ո՛չ փոխնախարար. բոլորը դիմում գրել, գնացել են: Եթե քաղաքականորեն և ընդդիմորեն բնորոշեմ՝ «կազմաքանդված» վիճակ է ստեղծվել նախարարությունում:
-Շատ սխալ ինֆորմացիա է։ Որևէ վարչության պետ հրաժարական չի տվել, բոլորն իրենց տեղերում են, շատ կարգապահ, շատ հանգիստ, նստած աշխատում են: Իսկ Ձեր նշած փոխնախարար Արա Ավետիսյանը, ա՛յ, քաղաքում չէ:
-Ո՞Ւմ կցանկանայիք տեսնել որպես Ձեր իրավահաջորդ:
-Նրան, ով կշարունակի կրթական ոլորտի բարեփոխումները:
-Ջահել, սիրուն, ճարպիկ և վերջապես սպորտսմենուհի, գեղեցկուհի...
-Թվարկված «բարեմասնությունները» որևէ կապ չունեն աշխատանքի բովանդակային գործունեության հետ:
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ մեկ էլ ու, քաղաքական իրադրության փոփոխության պատճառով, հնարավո՞ր է` ՀՅԴ-ի նկատմամբ «վհուկների որս» սկսվի:
-Կրթության նախարարությունում վհուկներ չկան:
-Գիտեք, որ այլ տեղերում «որսում» են, կա՞ն «վհուկներ»:
-Խելամիտ մոտեցման դեպքում նման բաներ չեն արվում, որովհետև այն առաջին հերթին ի վնաս «վհուկաորսորդի» և ի վնաս աշխատանքի է լինում։ Նկատի ունեմ հանգամանքը, որ եթե աշխատանքային մթնոլորտը փոխվում է, դա որևէ լավ բանի չի հանգեցնում։
-Ձեր վերաբերմունքը Ձեր կաբինետի ղեկավարների՝ վարչապետի, նախագահի նկատմամբ՝ հրաժեշտից առաջ:
-Ճիշտ կլինի հարցն ինձ ուղղել հրաժեշտից հետո. հրաժեշտից հետո անպայման կասեմ:
«ԳՆԱԼՈՒ ԵՄ ՁՈՒԿ ԲՌՆԵԼՈՒ»
ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար)
-Պարոն Համբարձումյան, ի՞նչ եք անելու պաշտոնը թողնելուց հետո:
-Գնալու եմ ձուկ բռնելու:
-Մի՛ արեք այդ բանը, պարոն Համբարձումյան, մի՛ արեք. Սերժ Սարգսյանը Զավիդովոյում ձուկ բռնեց. տեսա՞ք ինչ եղավ:
-Ի՞նչ եղավ:
-ՀՅԴ-ն հրաժարական տվեց:
-Չէ՛, մեկը մյուսի հետ մի՛ կապեք, սնահավատ բաների մի՛ հավատացեք:
-Է՜հ, պարոն Համբարձումյան, ասում եք, էլի։ Այս հին ու բարի աշխարհում ողջը սիմվոլիկայի վրա է կառուցված, էլ չեմ ասում՝ քաղաքականությունը:
-Չեմ կարծում, դա Ձեր գնահատականն է:
-Եվ այնուհանդերձ, ինչո՞ւ հատկապես ձուկ բռնելու. տխրո՞ւմ եք, որ հրաժարական եք տալիս:
-Ասեմ անկեղծ՝ այս շաբաթ ես ինձ ավելի լավ եմ զգում, քան անցած շաբաթ:
-Ճիշտ որ, անցած շաբաթ սպասումների մեջ էիք, դրա համար էլ Ձեզ վատ էիք զգում. անորոշությունը գիտեք ո՜նց է հյուծում մարդուն:
-Չէ, սպասումների մեջ չէի` պարզապես...
-Համոզեցիք: Իսկ, բացի «ձկից», ուրիշ ի՞նչ եք անելու. կիսատ շա՞տ բան թողեցիք:
-Շա՜տ-շա՜տ, միայն այդ կիսատ բաներն եմ ափսոսում:
-Իսկ հնարավո՞ր էր ինչ-որ բան անել, որ «անցումն» այդքան կտրուկ չլիներ:
-Գնահատականի խնդիր է, բայց, բոլոր դեպքերում, կա կուսակցության որոշում, և պետք է միակամ ենթարկվել այդ որոշմանը:
-Կտրուկ, բանակային որոշում էր։ Զրուցում եմ բոլոր նախարարներիդ, մնացածների հետ, և ակնհայտ է՝ որոշմանը պատրաստ չէիք, բոլորի համար անսպասելի էր։ Դա կարո՞ղ է առողջ զարգացում, էվոլյուցիա ապահովել:
-Եթե էվոլյուցիայի ու ժառանգականության տեսանկյունից նայենք, բնականաբար՝ ոչ, որովհետև ցանկացած համակարգում արագ փոփոխությունները դրական արդյունքներ չեն կարող ապահովել: Եթե խոսում ենք պետական կառավարման համակարգի մասին, ապա պետական համակարգը շատ դժվար է արձագանքում արագ փոփոխություններին, դրանք ցանկալի չեն։ Այս տեսանկյունից Ձեզ հետ, անշուշտ, համաձայն եմ, սակայն քաղաքական ֆիգուրի փոփոխությունը, ի դեմս նախարարի, կարծում եմ՝ կայացած համակարգի պայմաններում չպետք է էական ազդեցություն ունենա:
-Ձեր համակարգում նույնպե՞ս շատ էին դաշնակցականները:
-Չէ, քիչ էին:
-Ձեզ համար միևնո՞ւյն է` ով կլինի Ձեր իրավահաջորդը:
-Բնականաբար՝ ոչ: Շատ կցանկանայի, որ այնպիսի անձնավորություն լիներ, որը շատ արագ կարողանար կոլեկտիվի հետ ճիշտ հարաբերություններ ստեղծել և սկսած գործի շարունակականությունն ապահովել և ավելի լավ աշխատեր, քան ես եմ աշխատել:
Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2598

Մեկնաբանություններ